Մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և One Production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը խոսեցին աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթի՝ Հայաստան կայանալիք առաջիկա այցի և համերգի մասին։ Համերգը կայանալու է հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ասուլիսի բանախոսները նշեցին, որ համերգը բացառիկ է. այն Բեթ Հարթի կարիերայում առաջին համերգն է՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Վարդուհի Դավթյանի խոսքով` Հայաստան է ժամանում ամենաէքսցենտրիկ արտիստներից մեկը: «Համերգի մտահղացումն իմն էր, քանի որ ես, լինելով երաժիշտ, ցանկանում եմ, որ իմ երկրում լավ երաժշտություն հնչի: Առաջարկս ներկայացրի Սերգեյ Սմբատյանին, նա մեծ հաճույքով համաձայնեց»,-նշեց Վարդուհին։
Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ նվագախումբը միշտ պատրաստ է ելույթ ունենալ որակով երաժիշտների հետ: Երիտասարդական նվագախումբը փորձում է տարբեր ձևաչափերով հանդես գալ, ինչը ստացվում է։ «Բեթ Հարթը թրենդ ստեղծող երաժիշտ է, և լավ է, որ նման երաժիշտները գալիս են Հայաստան»,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Բեթ Հարթի՝ Հայաստան ժամանումը երաժշտական իրադարձություն է. երգչուհուն հետևում են միլիոնավոր երկրպագուներ, և տարբեր երկրներից նրան լսելու են գալու երաժշտասերներ:
Համերգին ներկայացվելու են Բեթ Հարթի երգերը, գործիքավումը կատարվել է և՜ Հայաստանում, և՜ արտասահմանում։ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ աշխարհում և Հայաստանում կա նոր սերունդ, որ ցանկանում է նոր բան լսել։ Եվ Բեթ Հարթն այն արտիստն է, որ այդ մարդկանց տանում է առաջ։
Լրագրողների այն հարցին, թե ինչպես են հայտնի աստղերը համաձայնում Հայաստանում հանդես գալ, Վարդուհի Դավթյանը նկատեց, որ Սերգեյ Սմբատյանն աշխատել է աշխարհի լավագույն դասական ժանրի երաժիշտների հետ։ Սերգեյ Սմբատյանը համաշխարհային երաժշտարվեստում այսօր գրավում է մի տեղ, որը մեծ նվաճում է մեր երկրի համար։ Հայաստանում կան նաև այլ հայտնի կազմակերպություններ, որոնք հրավիրում են որակյալ երգիչների։ Իսկ One Production-ի համար այցեքարտ դարձավ Հերբի Հենքոկի հայաստանյան համերգը։
Բեթ Հարթը Հայաստան է ժամանելու հուլիսի 1-ին, անցկացվելու է մի քանի փորձ նվագախմբի հետ։
Լրագրողների խնդրանքով ասուլիսի ընթացքում Սերգեյ Սմբատյանն անդրադարձավ նաև 24/04 նվագախմբին, նրա շարունակելիությանը։ Մաեստրոն նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի 24/04 նվագախումբը լինի շարունակական, քանի որ դա հաջողված նախագիծ է։ Նա հույս հայտնեց, որ 2016-ին 24/04 նվագախումբը ելույթ կունենա արդեն Հայաստանից դուրս՝ մեր մեծագույն խնդիրը ներկայացնելով արտերկրում։